ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Այդ «երրորդ ուժը» ե՛ս եմ»

«Այդ «երրորդ ուժը» ե՛ս եմ»
11.07.2008 | 00:00

Ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում, որտեղ, վերլուծաբանների գերակշիռ մասի դիտարկմամբ, «դիրիժորություն» են անում «սպիտակ» ու «սև» «ֆրակներ հագած» քաղաքական ուժերը։ Արդյո՞ք սրանց արանքում կարող է ինքնահաստատվել «երրորդ դիրիժորը»՝ նոր քաղաքական բևեռ ձևավորելու նպատակադրությամբ։
Սրանք էին այն առանցքային հարցերը, որոնց շուրջ երեկ «Իրավունք de facto» ակումբում բանավիճում էին ԺԿ և ԱԼՄ հոլդինգի նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։
«Կա ընդամենը երկու բևեռ։ Իշխանությունն ու ընդդիմությունը երկու մասի բաժանված մեկ միասնական «սև» բևեռ են ներկայացնում, իսկ «սպիտակը» հենց «երրորդ ուժն» է, որը ոչ մի բանում դեռ չի «սևացել», պատրաստ է աշխատելու առանց լիդերի, առանց սեփական ինչ-ինչ նպատակների՝ ի նպաստ ժողովրդի։ Ինչ վերաբերում է պայմանականորեն երկու տարբեր բևեռներ ներկայացնող իշխանական և ընդդիմադիր ուժերին, իրենք միասին աշխատել են, գործընկերներ են եղել, հիմա էլ իրար մեջ ունեն խնդիրներ։ Այդ խնդիրներն իրենք փորձում են լուծել։ Ի սեր Աստծո, դա էլ է քաղաքական բանաձև, բայց «երրորդ ուժը» այն ուժն է, որը ոչ թե հակադրվում է որևէ մեկին, այլ հակադրվում է անարդարությանն ու չարիքին»։
Սա՝ ըստ Տիգրան Կարապետյանի։
Ռուբեն Թովմասյանի համոզմամբ՝ քաղաքական ուժերի հարաբերակցության մասին խոսելուց առաջ պետք է հաշվի առնել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ գաղափարախոսություն է դավանում, և ինչ է բերում ժողովրդին այդ գաղափարախոսությունը։ «Այ, երբ նայում ենք գաղափարախոսության տեսանկյունից, տեսնում ենք, որ իր գաղափարախոսությամբ «երրորդ ուժ» կարող է լինել միայն Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որն ապրել է այս երկրում, ստեղծել է այս երկիրը՝ իր թերություններով ու բացթողումներով հանդերձ։ Այդ տեսանկյունից մենք կարծում ենք, որ հանրապետության քաղաքական դաշտը բաժանված է երեք մասի։ Առաջինը՝ կոալիցիոն ուժեր, որոնք հայտնի չէ, թե այսօր ինչ հարցերով են զբաղված և երկիրը դեպի ուր են տանում։ Երկրորդը՝ այսպես կոչված, ընդդիմության անվան տակ հանդես եկողներ, որոնք նախկիններն են ու այսօր էլ շարունակվում են։ Եվ երրորդ կողմում կանգնած է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ անկախ նրանից, թե Հայաստանում քանի կուսակցություն կա»։
«Երրորդ դիրիժորի» փայտիկը մեն-մենակ ստանձնելու ՀԿԿ ղեկավարի այս հավակնությունը չէր կարող Ժողովրդական կուսակցության առաջնորդի սրտովը լինել, ուստի վերջինս շտապեց արձանագրել, թե Կոմկուսն արմատական ընդդիմություն է, որը ժամանակին եղել է իշխանություն, և որից վերցրել են իշխանությունը, այդ պատճառով էլ ՀԿԿ-ն չի կարող լինել «երրորդ ուժ»։ «Երրորդ ուժի գաղափարը չեզոք գաղափար է, և այդ ուժի կրողն էլ անպայման պետք է լինի ժողովրդական ուժ»,- իր տեսակետն այսպես հիմնավորեց Տիգրան Կարապետյանը։
«Ես խնդրում եմ հեռուստաընկերություններին, առանձնապես ԱԼՄ-ին` չկրճատել Տիգրան Կարապետիչի այս խոսքերը, որ ՀԿԿ-ն արմատական ընդդիմություն է։ Լրիվ համաձայն եմ։ Բա՞յց։ Ի՞նչ է նշանակում արմատական ընդդիմություն, և ինչո՞ւ ՀԿԿ-ն չի կարող լինել «երրորդ ուժ»։ Եթե ուժը կա և արմատական ընդդիմություն է, երկիրն էլ այսպիսի խայտառակ վիճակում է, այն դեպքում, երբ մեր իշխանության 70 տարիները հայ ժողովրդի հինգհազարամյա պատմության մեջ ամենահրաշալի տարիներն էին, ապա ես շատ ուրախ կլինեմ, եթե ժողովուրդը նորից կրկնի այդ 70 տարիները»,- հին կոմունիստի պաթետիկ կարոտախտով ընդգծեց ընկեր Թովմասյանը։
Լավ, իսկ ո՞ւր մնացին մյուս կուսակցությունները, մասնավորապես Կարապետիչի գլխավորած Ժողովրդականը, որոնք նույնպես հավակնում են դառնալ «երրորդ ուժ»։
«Ես երբեք ու երբեք չեմ մտածել, որ Տիգրան Կարապետյանի կուսակցությունը դուրս է մնում քաղաքական կյանքից, ընդհակառակը, շատ ակտիվ ձևով մասնակցում է բոլոր քաղաքական գործընթացներին։ Բայց այն ուղղությունը, որով այսօր «երրորդ ուժ» են ուզում ստեղծել, և հայտնի չէ, թե ովքեր են ընդգրկված լինելու դրանում, կարծում եմ հետագայում Տիգրան Կարապետիչն այս հարցի առնչությամբ իր եզրակացությունը կտա»,- հույս հայտնեց կոմունիստ գործիչը։
Հիշյալ եզրակացությունը հետագային չթողնելով՝ ԺԿ նախագահը նույն պահին ներկաների համար պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնելու «երրորդ ուժ» դառնալու հավակնություն ունեցող այս նոր քաղաքական բևեռը։
«Կլինի լայն ճակատ, որտեղ չեն վանկարկի որևէ մեկի անունը (Համաժողովրդական շարժման ու Տեր-Պետրոսյանի «ականջը կանչի»-Լ.Մ.), այլ կվանկարկեն անարդարության մասին։ «Երրորդ ուժը» անարդարության դեմ է պայքարելու, որպես երևույթ, որպես խոչընդոտ, որպես խցան, և դա պետք է լինի անկողմնակալ ձևով։ Եթե այդպես չեղավ, կլինի այնպես, ինչպես որ հիմա կա. սկզբում՝ ոգևորություն, ինչը հետո կամաց-կամաց մարում է։ Իսկ արդարության համար մղվող պայքարը, որ շարունակվում է երկու հազար տարի, չի մարում։ Ինչո՞ւ պետք է այսօր մարի»։
Հյուսիսային պողոտայում մարդիկ այսօր էլ իրենց ակտիվ քաղաքական կեցվածքով պայքարում են արդարության վերահաստատման համար՝ պահանջելով ազատ արձակել մարտի 1-ից հետո ձերբակալված բոլոր քաղաքական գործիչներին և պատասխանատվության կանչել արյունոտ դեպքերի կազմակերպիչներին։ Այս առնչությամբ քաղաքական հայտարարություններ անելուց զատ՝ ՀԿԿ-ն ու ԺԿ-ն գործնական որևէ քայլ անո՞ւմ են։ Ասենք, մասնակցո՞ւմ են նույն պողոտայում ամեն Աստծո օր անցկացվող քաղաքական զբոսանքներին կամ պարբերաբար կազմակերպվող հանրահավաքներին։
«Ես այսօր չեմ հրապարակի մեր մարտավարությունը, թե ինչ ֆորմատով որտեղ ինչին ենք մասնակցում, բայց որ մենք ակտիվ մասնակիցն ենք քաղաքական բոլոր գործընթացների, դրանում կասկածել չարժե։ Պարտադիր չէ՝ Թովմասյանը երևա, պարտադիր չէ՝ Թովմասյանն ինքնառեկլամով զբաղվի։ Կարևորն այն է, թե կուսակցությունը որքանով է այդ գործընթացների մեջ և ինչ առանցքային դեր է կատարում այսօր ժողովրդի հետ տարվող աշխատանքներում»,- ասաց Թովմասյանը։
Նույն հարցին ի պատասխան՝ Տիգրան Կարապետիչը շեշտեց, որ իրենք «երրորդ ուժ» են։ «Մենք ո՛չ նախագահական նստավայրի մոտ ենք պտտվում, ո՛չ էլ Հյուսիսային պողոտայում»։
Բայց չէ՞ որ «երրորդ ուժ» կոչվածը դեռևս ձևավորման ընթացքի մեջ է, մինչդեռ Տիգրան Կարապետյանն իրեն անվերապահորեն այդ ուժի մեջ է տեսնում արդեն։
Լրագրողի այս հարցին հետևեց ԱԼՄ հոլդինգի նախագահի բավականին ինքնավստահ պատասխանը. «Դո՞ւք եք որոշում՝ «երրորդ ուժ» ենք, թե «երրորդ ուժ» չենք։ Մենք «երրորդ ուժ» ենք, և դա փաստ է։ Գրեք Ձեզ մոտ»։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6658

Մեկնաբանություններ